April 19

Պետրոս Դուրյան

Կենսագրություն

Պետրոս Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան։ Զըմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի։

16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան: Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ’ է,- իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա – սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք»: Ահա այդ կատարյալ կյանքին էր ձզտում բանաստեղծ պատանին, և նրա, իղձը մասամբ կատարվում է, եբբ կապվում է թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ բարքերը ճնշող էին, անհոգ ու անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա մենակ էր զգում իրեն: Երբեմն էլ իր հասցեին արված կատակներից պատառիկներ էին հասնում ականջին, որից շատ էր խոցվում նրա զգայուն սիրտը: Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է թատրոնի ետնաբեմում:

Այս ամենով հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք կար, որ մոտ էր բանաստեղծի սրտին: Թատրոնի համար Դուրյանը գրում կամ թարգմանում էր պիեսներ, որոնք բեմադրվում էին: Ներկայացումների ժամանակ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս դերակատարումներով: Շուտով նա հայտնի է դառնում որպես թատերագիր: Բայց որ նա ամենից առաջ հանճարեղ բանաստեղծ էր, շատերը չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները գրասեր հասարակության համար անակնկալ հայտնություն են դառնում նրա վաղաժամ մահից հետո միայն:Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ կատարել թարգմանություններ Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» ։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը չեն պահպանվել։

1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ Դերասան Հրաչյան իր ինքնակենսագրականում հիշում է Ազիզիե թատրոնում Դուրյանը տետրակը թևի տակ դրած բեմ բարձրացավ․ նա եկել էր իր «Թատրոնը» ներկայացնելու և ակնկալում էր, որ Վարդովյանն այն կընդգրկի իր թատերախմբի խաղացանկում։

Ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած. թևքին տակ կար տետրակ մը։ Երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»։ Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, թե պատանին ալ լսած էր։․․․ Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, ան ատեն իմացայ, թե ան էլ լսած էր Թերեզա Չուխաճեանի խոսքերը, քանի որ գրել էր․Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։


Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ։

Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։

 

Լճակ

Ինչո՞ւ ապշած ես, լըճա՚կ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ

Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն

Ալյակքդ երկնի կապույտին,

Եվ այն ամպոց լուսափթիթ,

Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՚կդ իմ,

Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,

Սիրեմ քեզի պես ես ալ

Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի

Ճակատս այնքան խոկ ունի,

Որքան ունիս դու փրփուր՝

Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին

Բույլքն աստեղաց երկնքին,

Նըմանիլ չես կրնար դուն

Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,

Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,

Ամպերը չեն թրջեր հոդ,

Երբ խաղաղ եք դու եւ օդ,

Լըճա՚կ, դու ես թագուհիս,

Զի թ՝հովե մալ խորշոմիս,

Դարձյալ խորքիդ մեջ խըռով

Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին, 

«Քնար մ՝ունի սոսկ – ըսին».

Մին՝ «դողդոջ է, գույն չունի–

Մյուսն ալ ըսավ – կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – հե՜գ տղա,

Արդյոք ինչո՞ւ կը մըխա,

Թերեւս ըլլա գեղանի,

Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – սա տըղին

Պատռե՚նք սիրտը տըրտմագին,

Նայինք ինչե՜ր գրված կան․․․

– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․

Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,

Զի քու խորքիդ մեջ անձկավ

Հուսահատ մը նայեցավ․․

Վերլուծություն

Առաջին տներում բանաստեղծը կամ քնարական Ես-ը հարցնում է Լճակին, թե ինչու է այն ապշած: Բանաստեղծը կասկած է հայտնում. իսկ չի՞ նայել արդյոք լճակի մեջ Գեղուհին: Նրա և լճակի միջև խորհրդավոր մտերմություն է հաստատվում, որի հիմքը մելամաղձն է՝ մելանխոլիան: Լճակը ծածկված է ալիքներով, իսկ բանաստեղծի ճակատը՝ կնճիռներով: Միաժամանակ այս մտերմությանը զուգահեռ ավելի ու ավելի նկատելիորեն սրվում է բանաստեղծի ոչ մտերիմ, այլ մինչև իսկ օտար հակադրությունը իրականության աշխարհի հետ: Ելնելով բանաստեղծության ընդհանուր տրամաբանությունից՝ կարելի է բնորոշել այս հակադրությունը որպես կյանքի և մահվան բախում: «Շատերը զիս մերժեցին, /«Քնար մ’ ունի սոսկ» – ըսին / Մին՝ «դողդոջ է, գույն չ’ունի – / Մյուսն ալ ըսավ – «կը մեռնի՜»: Շատերը խորհրդանշում են իրականությունը, այն զանգվածայինը, որ հակադրվում է քնարական սուբյեկտի Ես-ին: Քնարական Ես-ը ունի սոսկ քնար, հենց այդ քնարն է: Բոլորի մեջ պակասողը քնարականությունն է, քնարական Ես-ին պակասողը սերն է: Սերը շատերի և բոլորի անդեմ աշխարհում չկա: Բանաստեղծի հոգում կա հրդեհ, բայց չկա մատյան: Հուրը, որով խոսում է բանաստեղծի հոգին և նրա քնարականությունը, ընթեռնելի չեն «Շատերի» համար:     

Հայ գրողները Դուրյանի մասին

Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը: Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց:

Հովհաննես Թումանյան

Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս:

Գրիգոր Զոհրապ

Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը:

Պարույր Սևակ

Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։

Պարույր Սևակ

Պետրոս Դուրյանն ասել է…

  • Ստակը չեմ ատեր, բայց գրիչը կը սիրեմ. սփոփում է նա ինձ այս անձուկ կացության մեջ։
  • Բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կսիրեմ։ Ես, որ աշխարհի մեջ միայն երգեր շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա։
  • Ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…
  • …Մարդու նշանաբանը երգն է։ Էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ’է։
  • «Երիտասարդ ըլլալ և երգե՜լ, ծեր լինել և աղոթե՜լ»։ Այս է կյանքը։ Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. Սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ»։
  • Ազգի մը դաստիարկության և հառաջադիմության աղբյուրը կիրթ մոր ըստինն է։
  • …Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իդեալականը շոշափելու քաղցրությունը չունի։
  • Անդուլ կերպով քնարս կըթոթվեմ անհուն «մնաք բարով»-ի մը համար անոնց, որոնք իրենց ծալքերը ինձ չբացին, այլ միայն դուրսեն ճաճանչեցին, նախ կնո՜ջ… երևակայությանս տրոհվույն… երազի այն երփներանգ աստղին… շողերի ու բույրերի թագուհվույն…
  • Մեռնի՜լ թարմ ու երազոտ… մեռնի՜լ առանց շուրթեր համբույրով մը բորբոքելու, առանց հոգին ժպիտով մը հրդեհելու, մեռնի՜լ… տխուր է այդ, սակայն…
  • Ա՜հ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը, որ եկած է աշխարհ միայն իր մահն ու թշվառությունը տեսնելու և զգալու համար։
  • Արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին. «Ահա թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ»։
  • Ափսո՜ս։ Այո՛, ա՜հ մ’ էր սկիզբս, վա՜խ մ’եղավ վախճանս։
  • Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ, անշուշտ, բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն պիտի։