May 17

Վիտամիններ

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:

B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 

B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

вит с.jpg

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:

Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Ուշադրություն

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

вит д.jpg

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

shutterstock_576891166.jpg

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

е.jpg

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:Sponsored Content

May 17

Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչները պարունակում են կենսական կարևոր օրգաններ, և այս շրջանների վնասվածքները կարող են մահացու լինել։


Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց՝ թափանցող, երբ որևէ առարկա ծակում է կրծքավանդակի պատը, և փակ, երբ կրծքավանդակի պատի ամբողջականությունը խախտված չէ։

Կողոսկրերի կոտրվածքը առաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներազդումից։ Լինելով բավականին ցավոտ՝ այս վնասվածքները հազվադեպ են կյանքի համար վտագավոր լինում։ Տուժածը փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով վնասված մասը, շնչում է մակերեսային։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին կիսանստելու՝ վնասված կողմի վրա թեթևակի հենվելով։

• Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է բերել ԿԱԴ-ի վնասված կողմին։

• Տուժածի ձեռքը ամրացնել կրծքավանդակի վնասված կողմին՝ այդ մասը Ֆիքսելու նպատակով:

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային միջոցառումներ, զանգել շտապօգնություն։

Կրծքավանդակի բաց վնասվածքների դեպքումթափանցող ուժեղ հարվածը ծակում է կրծքավանդակի պատը՝ ստեղծելով <<ներծծող վերք>>, որի դեպքում ներշնչելիս օդը ազատ թափանցում է կրծքավանդակի խոռոչ։ Երբեմն օդի մուտքը հյուսվածքների տեղաշարժման արդյունքում ինքնուրույն դադարում է, իսկ թոքամզային խոռոչ ներթափանցված օդի փոքր քանակը՝ ներծծվում։ Կարող է նաև ստեղծվել այնպիսի վիճակ, երբ ներշնչելիս օդն անցնում է կրծքավանդակի խոռոչ և արտաշնչելիս դուրս է գալիս կրծքավանդակի վերքից, որը զգալիորեն խանգարում է թոքերի նորմալ գործունեությանը։ Այսպիսի վնասվածքի դեպքում շնչելիս լսվում է ներծծվող օդին բնորոշ ձայն։ Այս վիճակը կոչվում է բաց պնևմոթորաքս։ Առավել վտանգավոր է այն վնասվածքը, որի դեպքում օդը ներթափանցում է թոքամզային խոռոչ, իսկ արտաշնչելիս դուրս չի գալիս՝ կուտակվելով այնտեղ և ճնշելով թոքը:

Կրծքավանդակի թափանցող վնասվածքի նշաններ

Հիվանդը ցավ է զգում կրծքավանդակում, շնչառությունը դառնում է մակերեսային և դժվարացած, անոթազարկը՝ թույլ, հաճախացած կամ անկանոն, մաշկը՝ գունատ, խոնավ, կապտավուն, կարող է լսվել ներծծվող օդի ձայն։ Կրծքավանդակի թափանցող վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին։

Առաջին օգնություն կրծքավանդակի թափանցող վնասվածքի դեպքում (բաց պնևմաթորաքս) 

•Վերքի վրա տեղադրել փականային վիրակապ

— վերցնել օդի համար անանցանելի որևէ նյութ, օրինակ` պոլիէթիլենի ուղղանկյուն կտոր,

-վերքը ամբողջովին ծածկել դրանով,

— թաղանթի երեք կողմերը (փոքր և երկու մեծ) կպչուն ժապավենով կպցնել մարմնին, դա թույլ չի տա, որ ներշնչելիս օդն անցնի կրծքավանդակ, իսկ չորրորդ կողմը, որը պետք է լինի վերքից ավելի հեռու, թողնել ազատ` արտաշնչվող օդը դուրս գալու համար:

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունեուլու և սահմանափակել նրա շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Եթե ձեռքի տակ չկա հարմար միջոց, պետք է վերքը ծածկել ձեռքով։

Որովայնի վնասվածքներ

Որովայնը հեշտությամբ վնասվում է, քանի որ պաշտպանված չէ ոսկրերով։ Այս խոռոչում տեղակայված օրգաններից հեշտությամբ վնասվում և արյունահոսում են լյարդը, փայծաղը, ստամոքսը։

Լյարդը, գտնվելով որովայնի վերին մասում, որոշ չափով պաշտպանված է կողոսկրերով, սակայն նուրբ է և կարող է պատռվել բութ առարկայի հարվածից կամ ծակվել կողոսկրի կոտրվածքիհետևանքով։ Այն շատ հարուստ է արյունով և կարող է ուժգին արյունահոսել և տուժածի մահվան պատճառ դառնալ։

Փայծաղը գտնվում է ձախ կողմում և մասնակի պաշտպանված է ստորին ձախ կողոսկրերով։ Փայծաղը արյուն մատակարարող օրգան է, և դրա վնասվածքը կարճ ժամանակում կարող է առաջացնել մեծ քանակությամբ արյան կորուստ և կյանքի համար վտանգավոր դառնալ։

Ստամոքսն ունի արյունատար անոթներ, և եթե վնասվածքը թափանցում է ստամոքսի խոռոչ, ապա արյունը և ստամոքսի պարունակությունը կարող են լցվել որովայնի խոռոչ և վարակ հարուցել:

Որովայնի փակ վնասվածքի նշաններ՝

• սուր ցավ,

• արյունազեղումներ որովայնի պատի վրա,

• ներքին արյունահոսության նշաններ,

• սրտխառնոց, երբեմն՝ փսխում,

• թուլություն,

• ծարավի զգացում,

• ցավոտ, փքված կամ տախտակի ամրություն ունեցող որովայն։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունելու: Պառկեցնել նրան մեջքի վրա կամ նստեցնել՝ մեջքը հենելով, ոտքերը ծալել կոնքազդրային և ծնկի հոդերում, ծնկների տակ դնել փաթաթած ծածկոց կամ բարձ, իսկ ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

• Վնասվածքի վրա սառը թրջոց դնել։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Որովայնի բաց կամ թափանցող վնասվածքներ

Առաջին օգնություն

• Տուժածին զգուշությամբ պառկեցնել մեջքի վրա։ Եթե վնասվածքը երկայնական է, ոտքերը պետք չէ բարձրացնել կամ ծալել։

• վերքի շրջանում հեռացնել հագուստը։

• Որովայնի վերքը ծածկել չոր ստերիլ վիրակապով։

• Եթե վերքից արտանկած են ներքին օրգանները՝

— վերքը պետք է զգուշությամբ ծածկել թաց, հնարավորինս մաքուր գործվածքով՝ ամբողջությամբ ընդգրկելով արտանկած ներքին օրգանները,

— թաց գործվածքը ծածկել պոլիէթիլենի թաղանթով, որպեսզի այն չչորանա,

— պոլիէթիլենի թաղանթը ծածկել մի քանի տակ ծալած փափուկ գործվածքով՝ ջերմությունը պահպանելու համար։

• Երբ տուժածը հազում է կամ փսխում, ձեռքովպահել վերքը։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Կոնքի կոտրվածքներ

Նշաններ. 

• Տուժածի կոնքագոտին ակներև ձևա

փոխված է։

• Տուժածը կոնքի շրջանում խիստ ցավ է զգում։

• Կոնքագոտու վնասվածքի շրջանում լինում են տարածուն ենթամաշկային արյունազեղումներ։

• Տուժածի ոտքերը լինում են զատած (<<գորտի դիրք>>) կամ հակառակը՝ ծնկներն իրար սեղմած։

Առաջին օգնություն

• Զանգել շտապօգնություն:

• Անշարժացնել տուժածի կոնքագոտին ու ստորին վերջույթները։

• Տուժածի ծնկների տակ եռանկյունաձև վիրակապեր կամ որևէ ամուր, լայն գործվածքներ դնել և դրանցից մեկը զգուշությամբ սահեցնել նրա կոնքի տակ։

• Եռանկյունաձև վիրակապը կապել կոնքի շուրջը՝ գոտևորելով և ամրացնելով այն։

• Զգուշորեն, առանց տուժածի ոտքերը շարժելու, կայունացնել նրա դիրքը։ Դրա համար տուժածի ծնկների տակ և ոտքերի միջև եղած ազատ տարածություններում պետք է ծալած ծածկոցներ կամ այլ ներդիրներ դնել։ Ոտքերը կապել միմյանց։

• Ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

Կոնքազդրային հոդի վիրակապ

Կոնքազդրային հոդը վիրակապելու դեպքում վիրակապը դրվում է ուսահոդը վիրակապելու սկզբունքով:

Եռանկյունաձև վիրակապ կոնքի վնասվածքի դեպքում

Վիրակապի հիմքը դրվում է ազդրի վերին երրորդ մասում, գագաթը անց է կացվում դեպի գոտին և ամրացվում այնտեղ այնպես, որ ծածկվի հետույքային շրջանը և կոնքազդրային հոդը։ Այնուհետև, վիրակապի երկու ծայրերը հանգուցելով, ամրացվում է ազդրի շուրջը:

March 22

Քութեշ

Նկարագրություն

Քութեշը ստրեպտոկոկային վարակի ձևերից մեկն է: Այն վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բնորոշ տարածուն ցանով: Չնայած ավելի հաճախ հիվանդանում են մինչև 16 տարեկան երեխաները, մեծահասակները նույնպես կարող են հիվանդանալ:

Պատճառներ

Հիվանդության հարուցիչը A խմբի ստրեպտոկոկն է: Վարակումն առավելապես տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Վարակվում են հիվանդ երեխայից, որը ամբողջ հիվանդության ընթացքում և նույնիսկ առողջանալուց հետո որոշ ժամանակ վտանգավոր է շրջապատի համար: Վարակի աղբյուր կարող են լինել քութեշի թեթև և անախտանշան ձևերով հիվանդները (երբեմն հասուն տարիքում քութեշը կարող է ընթանալ անգինայի նման): Հարուցիչը, գտնվելով հիվանդի խորխի, լորձի և թքի կաթիլներում հազալիս, խոսելիս և փռշտալիս ընկնում է օդի մեջ, այնուհետև շնչուղիներով թափանցում առողջ երեխայի օրգանիզմ: Քութեշի հարուցիչը կարող է որոշ ժամանակ պահպանվել նաև հիվանդի օգտագործած առարկաների վրա, որոնք նույնպես վարակի աղբյուր են դառնում:

Առավել հաճախ ստրեպտոկոկերն օրգանիզմ են թափանցում բկանցքով, հազվադեպ նաև վնասված մաշկի միջոցով: Ընկնելով լորձաթաղանթի վրա` ստրեպտոկոկերը բազմանում են և առաջացնում են բորբոքային փոփոխություններ:

03B2033B-BCA4-4FDF-8D8D-4C31268A2DD1
A6E2A106-A009-45D8-ABF8-9DECEAE5B60F

Պաթոգենեզ

Քութեշային ստրեպտոկոկերի արտադրած ուժեղ թույնը (տոքսինը), անցնելով արյան մեջ, առաջացնում է ընդհանուր թուլություն, ցան, նյարդային և սիրտանոթային համակարգերի ախտահարում: Թույնի հանդեպ օրգանիզմի ալերգական հակազդեցության հետևանքով հիվանդության 2-3-րդ շաբաթում կարող են ախտահարվել հոդերը, երիկամները, սիրտը: Ստրեպտոկոկերի հանդեպ օրգանիզմի դիմադրողականության անկման ժամանակ երբեմն դրանք ընկնում են արյան մեջ և հանգեցնում օրգանիզմի ընդհանուր վարակման: Հիվանդության այդպիսի ձևերը բնորոշ են 1-3 տարեկան երեխաներին: Քութեշի հարուցիչը 2-7 (երբեմն` 11) օր կարող է գտնվել մարդու օրգանիզմում` չառաջացնելով հիվանդության ախտանշաններ:

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արագ բարձրանում է ջերմաստիճանը, առաջանում են ընդհանուր թուլություն, կոկորդի ցավեր, հաճախակի կարող է լինել սրտխառնոց, փսխում: Հիվանդության առաջին 10-12 ժամերին մաշկը մաքուր է, չոր և տաք: Բկանցքը վառ կարմիր է, նշագեղձերը` մեծացած: Ցանն առաջանում է հիվանդության 1-ին օրվա վերջին կամ 2-րդ օրվա սկզբին, տեղադրվում է պարանոցի, մեջքի վերին հատվածի, կրծքի մաշկի վրա, այնուհետև տարածվում է ամբողջ մարմնով: Այն հատկապես առատ է ձեռքերի ծալվող մակերևույթների, կողքերի և որովայնի ստորին հատվածի վրա: Ցանը կարմիր է կամ ալ վարդագույն` մանր, խիտ դասավորված բծերի տեսքով: Հաճախ նկատվում է մաշկի քոր: Լեզուն չոր է և ծածկված է սպիտակ փառով: 3-րդ օրն այն մաքրվում է` ստանալով կարմիր գույն: Հիվանդության բոլոր ախտանշանները պահպանվում են 3-5 օր, այնուհետև` աստիճանաբար անհետանում: Առաջին շաբաթվա վերջին կամ երկրորդ շաբաթվա սկզբինցանի տեղում առաջանում է թեփոտում, որն ավարտվում է 2-3 շաբաթ անց:

Քութեշի ծանր ձևերը ներկայումս հազվադեպ են հանդիպում: Ավելի հաճախ ընթացքը թեթև է: Սակայն հիվանդության նույնիսկ թեթև ընթացքի ժամանակ կարող են առաջանալ սրտի, երիկամների և նյարդային համակարգի բարդություններ:
Հաճախակի հանդիպող բարդություններից են ենթածնոտային և պարանոցային ավշահանգույցների բորբոքումները, միջին ականջի բորբոքումը, սրտամկանի, հոդերի ձուսպաթաղանթների բորբոքումները, ինչպես նաև ռևմատիզմի սրացումները:

Երբեմն, հիվանդության 3-4-րդ շաբաթում, նկատվում է գրեթե անհետացող ախտանշանների կրկնություն (ցան, անգինա, ջերմաստիճանի բարձրացում):

Բուժում

Եթե հիվանդությունն ընթանում է թեթև հիվանդները կարող են բուժվել տանը` բժշկի հսկողությամբ, այլապես հիվանդները հոսպիտալացվում են: Անկախ հիվանդության ձևից` հիվանդին հարկավոր է անկողնային ռեժիմ առանձին սենյակում: Երեխայի մեկուսացումը թե՛ տանը, թե՛ հիվանդանոցում, տևում է 10 օրից ոչ պակաս: Սենյակի պատերն ու կահույքը հարկավոր է մաքրել քլորամինի լուծույթով, իսկ գորգը ցանկալի է հավաքել կամ ամեն օր մաքրել փոշեկուլով: Հիվանդի անձնական օգտագործման իրերն անհրաժեշտ է առանձնացնել: Նույնիսկ առաջին օրերին երեխայի հետ շփվելուց հարկավոր է հագնել արտահագուստ, իսկ շփումից հետո` ձեռքերը լվանալ:

Առաջին օրերին ցավոտ կլման ժամանակ ցանկալի է տալ կաթնաբուսական սնունդ: Հարկավոր է կերակրել օրը 5-6 անգամ` որոշակի ժամերի: Հարկավոր է հաճախակի տալ կիտրոնով թեյ, բանջարեղենի ու մրգերի հյութեր: Եթե ջերմաստիճանը բնականոն է, բժշկի թույլտվությամբ երեխան պետք է առանց սպունգի ցնցուղ կամ լոգանք ընդունի` վաղ տարիքի հիվանդները` ամեն օր (10 րոպե 38°C ջրով), իսկ ավելի մեծերը` 3-5 օրը մեկ: Երեխաները պետք է ամեն օր բերանը ողողեն կերակրի սոդայի (1 բաժակ եռացրած ջրին 1 թեյի գդալ սոդա) կամ ֆուրացիլինի (1 հաբ` 1 բաժակ ջրին): լուծույթով: Բժշկի նշանակած դեղանյութերն ընդունելիս հարկավոր է խստորեն պահպանել դեղաչափերը և ժամերը: Նույնիսկ երեխայի բավարար ինքնազգացողության ժամանակ բուժումն ինքնուրույն ընդհատել չի թույլատրվում: Միայն բժշկի թույլտվությամբ երեխան կարող է անցնել սովորական ռեժիմի: Մինչև 9 տարեկան երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց թույլատրվում է վերադառնալ 22 օր անց` հիվանդության սկզբից հաշված:

Կանխարգելում

Քութեշի կանխարգելման համար հարկավոր է երեխաներին հնարավորինս հեռու պահել անգինայով հիվանդ մեծահասակ մարդկանցից, քանի որ դա կարող է լինել քութեշային անգինա և երեխաները կարող են վարակվել: Իսկ հիվանդի հետ շփված և չհիվանդացած երեխաները պետք է վերադառնան դպրոց հիվանդի մեկուսացման պահից 7 օր անց:

March 22

Կարմրախտ

Կարմրախտը վիրուսային ծագման հիվանդություն է,որը կարող է ընթանալ ձեռքբերովի` սուր, թեթև ընթացքով հիվանդության,ինչպես նաև բնածին` քրոնիկ ընթացքով պտղի արատների ու մահվան բերող ներարգանդային ծանր վարակի տեսքով:


Պատմական տեղեկություններ
Հիվանդությունը հայտնի է վաղուց,սակայն որպես ինքնուրույն նոզոլոգիական միավոր նկարագրվել է միայն 19-րդ դարում Լոնդոնյան Միջազգային կոնգրեսում /1881թ./: Մինչև 20-րդ դարի 40 -ական թվականները կարմրախտը համարվում էր մանկական հասակի թեթև հիվանդություն: 1941թ.ավստրալիացի ակնաբույժ Գրեգի կողմից պտղի մոտ նկարագրվեց տեսողական օրգանի լուրջ ախտահարումներ, որոնք անմիջականորեն կապված էին հղի կնոջ` կարմրախտով հիվանդացության հետ:Հետագայում հայտնաբերվեցին ու նկարագրվեցին պտղի տարբեր արատներ,որոնք խոսում էին հիվանդության բնածին ծանր ձևի մասին: 1969թ. ստացան վիրուսի թուլացված /ատենուիրացված/ շտամները,որով և սկիզբ դրվեց պատվաստանյութի ստեղծմանն ու տարածմանը տարբեր երկրներում:

Պատճառագիտություն
Կարմրախտի հարուցիչը հայտնաբերվել է 1962 թվին Պ.Պարկմանի ու Վելլերի կողմից:Այն պատկանում է տոգովիրուսների խմբին և ռուբիվիրուսների ցեղին:Վիրուսն անկայուն է արտաքին միջավայրում,կարող է պահպանվել սենյակային ջերմաստիճանի և չորացման պարագայում:Կայուն է հակաբիոտիկների նկատմամբ, իսկ սառը ջերմաստիճանային պայմաններում / -60c / կարող է պահպանել իր հատկությունները մինչև մի քանի տարի:

Համաճարակաբանություն
Կարմրախտն անթրոպոնոզ վարակ է,որի համար վարակի աղբյուր հանդիսանում է միայն մարդը`հիվանդության կլինիկորեն արտահայտված կամ անախտանիշ, ջնջված, ատիպիկ ընթացքով, ինչպես նաև վիրուսակիրները և բնածին կարմրախտով երեխաները, որոնց օրգանիզմում / խորխում, մեզում, կղանքում/ վիրուսները կարող են պահպանվել մինչև մեկ տարուց ավելի: Ձեռքբերովի կարմրախտով հիվանդը վարակիչ է հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց 5-7 օր առաջ և ցանի հայտնվելուց 2 շաբաթ հետո: Փոխանցման ուղիները բնածին կարմրախտի համար տրանսպլացենտար և հեմոկոնտակտայինն են, իսկ ձեռքբերովի կարմրախտի դեպքում`օդա-կաթիլային և կենցաղային շփման:

Ընկալունակությունը երեխաների մոտ բարձր է,հատկապես 2-9 տարեկան հասակում: Մինչև 6 ամսական երեխաները ժամանակավոր անընկալունակ են` մորից ստացված պասիվ իմունիտետի հաշվին,որն աստիճանաբար թուլանում է և անհետանում մեկ տարեկանից հետո:

Սեզոնայնությունն արտահայտված է տարվա բոլոր եղանակներին և, հատկապես, ցուրտ ամիսներին: Պարբերականությունը 3-5, իսկ վերջերս, կապված պլանային պատվաստումների հետ`6-9 տարին մեկ: Հետինֆեկցիոն իմունիտետը կայուն է, ողջ կյանքի ընթացքում և ձևավորվում է ինչպես մանիֆեստային,այնպես էլ`անախտանիշ ձևերից հետո:

Ախտածագում 
Ձեռքբերովի կարմրախտի վիրուսի համար մուտքի դռներ են հանդիսանում քիթըմպանի լորձաթաղանթները:Դեռ գաղտնի շրջանում վիրուսը հեմատոգեն ճանապարհով տարածվում է ողջ օրգանիզմով:Վիրուսի բազմացումը տեղի է ունենում ավշային հանգույցներում,որոնք մեծանում են արդեն գաղտնի շրջանի վերջում: Ցանի ի հայտ գալուն պես վիրուսեմիան ավարտվում է,ինչն ըստ ժամանակի համընկնում է արյան մեջ վիրուսչեզոքացնող հակամարմինների հայտնվելու հետ: Բնածին կարմրախտի ժամանակ վիրուսը հասնում է սաղմին տրանսպլացենտար ճանապարհով,ախտահարում է խորիոնի էպիթելային մազմզուկները և ընկերքի արյունատար անոթների էնդոթելը,որտեղից էլ էմբոլների ձևով թափանցում է պտղի արյան մեջ`վարակելով սաղմի բջիջները: Այս ամենը հանգեցնում է պտղի օրգանների և հյուսվածքների հետագա քրոնիկ իշեմիայի: Վիրուսը առաջացնում է բջիջների միտոտիկ ակտիվության խանգարում և քրոմոսոմային փոփոխություններ,որոնք բերում են պտղի զարգացման ծանր արատների ձևավորման կամ պտղի վախճանի:

Հիմնականում ախտահարվում են այն օրգաններն ու համակարգերը,որոնք գտնվում են ձևավորման պրոցեսում`այսպես կոչված զարգացման կրիտիկական շրջանում: Այսպիսով, արատների ծանրությունը,բնույթը հաճախականությունը կախված է հղիության ժամկետներից: Հղիության 3–4 շաբաթների ընթացքում վարակումն ախտահարում է պտուղը 60% դեպքերում,9-12 շաբաթներում`15 % դեպքերում, 13-16 շաբաթներում` 7% դեպքերում:Արդեն ձևավորված պտղի վրա և հղիության առաջին եռամսյակից հետո կարմրախտի վիրուսն ավելի քիչ վտանգավոր է:


Դասակարգումը.
Ա.Ձեռքբերովի կարմրախտ
Ըստ տիպի.
ա/ տիպիկ,
բ/ ատիպիկ

Ըստ ծանրության.
ա/ թեթև,
բ/ միջին ծանրության,
գ/ ծանր
Ծանրության ցուցանիշներն են.
— տենդի արտահայտվածություն,
-ինտոքսիկացիան,
-տեղային փոփոխությունների արտահայտվածությունը
Ըստ ընթացքի.
ա/ հարթ
բ/ անհարթ
— յուահատուկ բարդություններով,
— երկրորդային վարակի միացմամբ,
— քրոնիկ հիվանդությունների սրացմամբ
Բ.Բնածին կարմրախտ
ա.«փոքր» կարմրախտային համախտանիշ կամ Գրեգի տրիադա
/տեսողական,լսողական օրգանների և սրտի արատներ/
բ.«մեծ» կամ «ընդարձակ համախտանիշ»/տարբեր օրգան-համակարգերի ախտահարում/

Կլինիկա
Ձեռքբերովի կարմրախտի կլինիկական բնութագիրը:
Կարմրախտը ունի հետեւյալ շրջանները.
– գաղտնի շրջան,
— պրոդրոմալ շրջան,
— ցանավորման շրջան,
— ռեկոնվալեսցենցիայի շրջան:
Գաղտնի շրջանի տևողությունը տատանվում է 11-24 օր։

Պրոդրոմալ շրջանը միշտ չէ որ հանդիպում է, տատանվում է մի քանի ժամից մինչեւ երկու օր, դրսևորվում է թույլ արտահայտված ինտոքսիկացիայի ախտանիշներով, այն է՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ սուբֆեբրիլ թվերը, թուլություն, հոգնածություն, վատ ինքնազգացողություն, քնկոտություն, գլխացավ և ախորժակի անկում: Կատարալ սինդրոմը թույլ է արտահայտված հարբուխի կամ քթի փակվածության, կոկորդի ցավի և չոր հազի տեսքով։ Այդ շրջանում կարող է նկատվել լորձաթաղանթների ախտահարում փափուկ քիմքի վրա :

Ցանավորման շրջանը հանդիպում է մշտապես և ստույգ արտահայտված է: Այն ի հայտ է գալիս հիվանդության առաջին երկու օրերին եւ տևում է 3 ֊ 4 օր, բնորոշվում է էկզանթեմայի առկայությամբ, ինտոքսիկացիայի թույլ նշաններով, ոչ արտահայտված կատարալ երևույթներով, հետին պա րանոցային ավշային հանգույցների մեծացումով։ Ցանը հայտնվում է սկզբում դեմքին, պարանոցին, ականջների ետևում, գլխի մազածածկույթի տակ և արագ, մի քանի ժամվա ընթացքում, առանց որևէ կարգի ու հաջորդականության տարածվում ամբողջ մարմնով: Ցանը տեղակայվում է մաշկի անփոփոխ ֆոնի վրա ձեռքերին, ոտքերին, մեջքին, գոտկատեղին և նստատեղին: Երբեմն ցանը զուգակցվում է փոքր-ինչ քորով: Այդ ամենի հետ ցանը կարող է լինել բավական առատ նաև ծալվող մակերեսների վրա, այնուհանդերձ բնական ծալքերը մնում են ցանից ազատ։ Բոլոր հիվանդների մոտ նկատվում է ցանավորում հատկապես դեմքի վրա, այն մանր բծավոր է, հավասար գծագրումով, բավականին առատ, թույլ վարդագույն, առանց առանձին էլեմենտների միաձուլմանի, մի փոքր բարձր մաշկի մակերեսից:Ցանը վերանում է անհետ, առանց գունակավորման և մաշկի թեփոտման։

Ցանավորման հաջորդականությունը բացակայում է: Որոշ դեպքերում նկատվում է ցանի ինքնատիպ փոփոխություն։ Առաջին օրը այն կարող է լինել վառ, խոշոր, բծավոր պապուլյոզ, կարմրուկային ցանի նման։ Երկրորդ օրը ցանի տարրերը նման են քութեշի ցանին, զգալի քանակով տեղակայվում են տարածիչ մակերեսներին։ Երրորդ օրն այն ձեռք է բերում կարմրախտային ցանին բնորոշ հատկանիշներ։ Պոլիադենիտը կարմրախտի համար բավականին բնորոշ է: Բնութագրվում է հետին պարանոցային ավշային հանգույցների մեծացումով: Հնարավոր է հարականջային, ենթածնոտային, առաջային պարանոցային, ենթածնոտային և անութային ավշային հանգույցների մեծացում։ Նրանք Էլաստիկ կոնսիստենցիայի են, շրջակա հյուսվածքների հետ կապակցված չեն, քիչ ցավոտ են և պահպանվում են 15-20 օր: Որոշ հեղինակների կարծիքով, լիմֆադենիտը կարմրախտի առաջին և վերջին ախտանիշն է։ Տենդը մշտապես չի արտահայտվում և աննշան է: Մարմնի ջերմաստիճանը կամ նորմալ է կամ սուբֆեբրիլ, հազվադեպ է հասնում 39 –ի և պահպանվում է երկու-երեք օր։

Ինտոքսիկացիայի համախտանիշը նույնպես մշտական չէ, ավելի արտահայտվում է բարձր տարիքի երեխաների և դեռահասների մոտ։ Մարմնի բարձր ջերմաստիճանի և ինտոքսիկացիայի ծանրության մեջ զուգահեռ չի նկատվում։ Կարմրախտի ժամանակ վերին շնչուղիների լորձաթաղանթի և շաղկապենու բորբոքումը մշտական չէ, արտահայտվում է թույլ և ոչ երկարատեւ՝ 1- 2 օր: Արտահայտվում է կոկորդի քերոցով, հազվադեպ չոր հազով, քթի փակվածությամբ կամ փոքրաքանակ արտադրությամբ :

Հիվանդները ունենում են կլման ակտի ժամանակ առաջացող տհաճ զգացումներ՜` ցավ, չորություն, քերում, մրմուռ:



Բնածին կարմրախտի կլինիկական բնութագիրը
Բնածին կարմրախտը բնորոշվում է հատկանիշների կոմպլեքսով, որոնք տարբերվում են ձեռքբերովի հիվանդությունից: Ամենից հաճախ նկատվում է անոմալիաների զարգացման տրիադա (Գրեգի տրիադա), որը ստացել է «կարմրախտի դասական սինդրոմ» անվանումը, կամ էլ «փոքր կարմրախտային սինդրոմ», որը ներառում է խլությունը, կատարակտը և սրտի արատները: Բացի այդ, գոյություն ունի նաեւ «մեծ կամ ընդարձակ սինդրոմ», որը ներառում է բազմաթիվ զանազան խորը արատներ, այն է՝ գլխուղեղի ախտահարումը անէնցեֆալիայի տեսքով: Կարելի է ասել, որ չկա մի համակարգ, որը կարող է զերծ մնալ ախտահարումից «ընդարձակ կարմրախտային սինդրոմի» պարագայում։

Կարող են հանդիպել նաևւ գանգի ու կմախքի արատներ մետաֆիզի շրջանում, միզասեռական, արյունաստեղծման օրգանների արատներ, շնչառական, մարսողական և կենտրոնական նյարդային համակարգերի, հենաշարժողական ապարատի, որովայնի խոռոչի, ատամների, մաշկի, հեպատոսպլենոմեգալիայի, ռեակտիվ հեպատիտի, թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի, ինտերստիցիալ թոքաբորբի և ներարգանդային զարգացման արատների պատկեր: Կարմրախտը կարող է զարգանալ մոր կրած անախտանիշ (ինապարանտ) հիվանդությունից հետո։

Կարմրախտի առանձնահատկությունները վաղ մանկական հասակի երեխաների մոտ

Բնածին իմունիտետի առկայության դեպքում, մինչև 6 ամսեկան երեխաները չեն հիվանդանում կարմրախտով: Մոր մոտ սպեցիֆիկ հակամարմինների բացակայության պարագայում երեխան կարող է հիվանդանալ ցանկացած տարիքում: Հղի կնոջ ծննդաբերությունից անմիջապես առաջ հիվանդանալու դեպքում երեխան ծնվում է հիվանդության կլինիկական ախտանիշներով:

Կարմրախտի ընթացքի առանձնահատկությունները մեծահասակների մոտ 
Հիվանդությունը ընթանում է զգալիորեն ծանր, ավելի վառ և տևական տենդով, ինտոքսիկացիայի երևույթներով, թուլությամբ, ջարդվա ծությամբ, նշվում է աչքերի ախտահարում կոնյուկտիվիտի ձևով: Մեծահասակներին, հատկապես կանանց համար բնորոշ է մատների մանր հոդերի և ոտքերի թաթերի հոդերի ախտահարումը: Տղամարդկանց մոտ հաճախակի են ամորձիների ցավերի գանգատները: Իհարկե, հաճախակի և ծանր ընթացք ունեն կարմրախտային էնցեֆալիտները։


Բարդություններ
Ձեռքբերովի կարմրախտի դեպքում բարդությունները հազվադեպ են հանդիպում: Յուրահատուկ բարդություններից են արթրիտները,արթրալգիաները,ինչպես նաև`կարմրախտային էնցեֆալիտները:

Ախտորոշում
Ձեռքբերովի կարմրախտի հենակետային-ախտորոշիչ նշաններն են`
— շփում կարմրախտով հիվանդի հետ,
— մանր բծավոր ցան,
— լիմֆադենոպաթիա,հատկապես`ծոծրակային և հետին պարանոցային ավշահանգույցների,
— ջերմաստիճանի չափավոր բարձրացում կամ նորմալ ջերմաստիճան,
— չափավոր արտահայտված կատառալ երևույթներ:

Բուժում
Չբարդացած կարմրախտով հիվանդները կարող են բուժվել տնային պայմաններում: Խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ սուր շրջանում,հետագայում` կիսաանկողնային ևս 3-5 օր:
Ցուցված է կաթնա-բանջարեղենային դիետա,առատ հեղուկներ:

Պատճառագիտական բուժումը ցուցված է միայն հիվանդության ծանր ձևերի դեպքում և իրականացվում է վիֆերոնով և այլ ռեկոմբինանտ ինտերֆերոններով / ինտրոն Ա,ռոֆերոն Ա և այլն/: Այս բուժումը վերաբերում է բնածին կարմրախտի բոլոր ձևերին,ինչպես նաև նյարդային բարդություններով ընթացող ձեռքբերովի կարմրախտին:

Կանխարգելում
Կարմրախտով հիվանդները պետք է մեկուսացվեն առաջին հինգ օրերի ընթացքում / երբեմն այս ժամկետը կարող է երկարել մինչև 10-20 օր/: Հիվանդի հետ շփված մինչև 10 տարեկան երեխաները, որոնք չեն հիվանդացել կարմրախտով հսկողության տակ են պահվում 21 օր: Հիվանդի սենյակը պետք է օդափոխել և խոնավ մաքրում կատարել: Եզրափակիչ ախտահանում չի կատարվում:

Յուրահատուկ կանխարգելման համար ներկայումս կիրառվում է կենդանի թուլացված կարմրախտային մոնովակցինան, ինչպես նաև համակցված վակցինան կարմրուկի և պարօտիտային վակցինայի հետ /ԿԿԽ—ԱՄՆ/: Պատվաստումը կատարվում է 12-14 ամսական հասակում միանվագ: Ռեվակցինացիան իրականացվում է 5-6 տարեկանում: Բնածին կարմրախտի կանխարգելման նպատակով կարմրախտով չհիվանդացած 11-13 տարեկան աղջիկներին խորհուրդ է տրվում կրկնակի պատվաստում: Կարմրախտի դեմ պատվաստումն ունի բարձր արդյունավետություն:Ձևավորվում է կայուն իմունիտետ 95% և ավելի դեպքերում:

March 22

Կարմրուկ

Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով,ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի-Կոպլիկ-Ֆիլատովի բծերով):

Պատմական տեղեկություններ.
Հիվանդությունը հայտնի է արդեն 2 հազարամյակ: XVIII դարում միայն այն անջատվեց ցանային հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր: 1911թ. Անդերսոնը և Գոլդբերգը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թվին Ջ. Էնդերսը և Տ. Կ. Պիբլսը ստացան կարմրուկի վիրուսը: Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի`1/ մինչև հակաբակտերիային բուժումը, 2/ հակաբակտերիային բուժման շրջան և 3/ ակտիվ պատվաստային շրջան: Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ:Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ,սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ: Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց կառավարելի:

ՊատՃառագիտություն.
Հիվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և Morbillivirus ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է: Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն, կոմպլեմենտ կապող, հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ: Այս անտիգենները օրգանիզմում առաջացնում են համապատասխան հակամարմիններ: Կարմրուկի վիրուսը պարունակում է ՌՆԹ: Այն առաջին անգամ` 1954 թվին ստացել են ամերիկացիներ Էնդերսը և Պիբլսը, որոնք մշակել են վիրուսի աճեցման մեթոդը հյուսվածքային կուլտուրաներում: Հարուցիչը խիստ անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից: Խիստ զգայուն է չորացման հանդեպ: Արագ (30 րոպեի ընթացքում) ինակտիվանում է 56°C-ից բարձր ջերմաստիճանում, թթու միջավայրում (pH-2,0-4,0), ախտահանիչների ազդեցությունից: Համեմատաբար կայուն է ցածր ջերմաստիճանում: Մինչև -72°C հիվանդի սառեցված արյունը պահպանում է իր վարակիչ հատկությունները 14 օր: Հիվանդության կատարալ շրջանում և ցանավորման առաջին ժամերին վիրուսը կարելի է ստանալ արյունից և քիթ-ըմպային արտադրուկից:Ախտահարված հյուսվածքներում կարմրուկի վիրուսը կարող է առաջացնել սինցիտիաներ և գիգանտ բազմակորիզ բջիջներ: Կարմրուկային վիրուսի տարատեսակներից է (սիբս) շների և եղջերավորների ժանտախտի վիրուսը, որը օժտված է հակակարմրուկային հակամարմիններ առաջացնելու հատկությամբ, հետևաբար և հակակարմրուկային իմունոգլոբուլինը արդյունավետ է այդ հիվանդությունների նկատմամբ:

Համաճարակաբանություն.
Կարմրուկը անթրոպոնոզ, դասականորեն մանկական վարակ է: Վերջին 10-15 տարիներին հիվանդացությունը աճել է 16-17 տարեկանների և մեծահասկների շրջանում:
Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է` ինկուբացիոն շրջանի վերջին օրերից, ողջ կատարալ և որոշ չափով ցանավորման շրջանում: Վիրուսակրություն կարմրուկի համար գոյություն չունի: Աբորտիվ և միտիգիրացված (թուլացված) ձևերով հիվանդները նույնպես վարակի աղբյուր են, սակայն ավելի կարճատև և քիչ վարակիչ: Վարակի փոխանցման մեխանիզմը աէրոգենն է` օդա-կաթիլայինը: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Չի բացառվում կարմրուկի տրանսպլացենտար փոխանցումը: Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ համընդհանուր է, մոտենում է 100%-ի: Անընկալունակ են մինչև 3 ամսեկան երեխաները: 99% դեպքերում կրած հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն իմունիտետ ողջ կյանքի ընթացքում: Կրկնակի հիվանդացությունը խիստ հազվադեպ երևույթ է: Հետպատվաստային իմունիտետը ձևավորվում է պատվաստված մարդկանց 90%-ի մոտ և պահապանվում է 20 տարի: Կարմրուկն ունի պարբերականություն ` 8-10 տարին մեկ անգամ: Պլանային պատվաստումները փոխեցին հիվանդության դասական սեզոնայնությունը (դեկտեմբեր-հունվար) և այժմ այն առավել հաճախ հանդիպում է գարնան-ամռան ամիսներին:

Կարմրուկին բնորոշ է օջախայնությունը, հատկապես հատկապես ՙակտիվ՚ օջախներ են համարվում փակ կոլեկտիվները` մանկատներ, մանկամսուրներ, մանկապարտեզներ և այլն: Վերջին տարիներին կարմրուկը հանդիպում է սպորադիկ դեպքերի ձևով: Նախկինում մահացությունը խիստ բարձր էր, հատկապես կյանքի առաջին 2 տարիներին: Մահացությունը վաղ հասակում պայմանավորված էր հիմնականում թոքային, իսկ դեռահասների մոտ` նյարդային բարդություններով:

Ախտածագում և պաթոմորֆոլոգիա.
Վարակի մուտքի դռներ են վերին շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից ներթափանցելով օրգանիզմ, վիրուսը բազմանում է շնչական ուղիների էպիթելում և շրջանային ավշային հանգույցներում: Ինկուբացիոն շրջանի 3-5-րդ օրը դիտվում է կարճատև վիրուսեմիա: Վիրուսը հեմատոգեն տարածվում է ողջ օրգանիզմով, Կլինիկա.
Վերջին տարիներս կարմրուկի կլինիկական ընթացքի անալիզը ցույց է տալիս, որ ժամանակակից պայմաններում դեռևս պահպանվել են դասական կարմրուկի ընթացքի հիմնական օրինաչափությունները` կապված նրա հարուցչի անտիգենային կայունության հետ: Կլինիկական հիմնական փուլերը 4-ն են` ինկուբացիոն, նախանշանային (կատարալ), ցանավորման և ռեկոնվալեսցենցիայի (պիգմենտացիա): Ինկուբացիոն շրջանը 9-11 օր է: Հազվադեպ կարող է այն կրճատվել մինչև 7 օր կամ երկարել մինչև 21 օր (պասիվ իմունիզացիայի շնորհիվ): Կատարալ շրջանը սկսվում է սուր: Այն տևում է 1-6, միջինը 3-4 օր: Այս շրջանին բնորոշ է 2 համախտանիշ` ինտոքսիկացիոն և կատարալ: Սկզբում ի հայտ է գալիս հարբուխը` քթից շճային կամ շճա-թարախային արտադրությամբ: Այնուհետև վերը նշվածին միանում է չոր, կպչուն հազը, որն ընդունում է ՙհաչոցանման՚ բնույթ, ձայնը խռպոտվում է: Արտահայտված է ռինիտը, կոնյուկտիվիտը, կոպերի այտուցը, սպիտաթաղանթի գերարյունությունը և աչքից թարախային արտադրությունը: Հաճախ կոպերը կպչում են, աչքում ծակոցի զգացում կա, հիվանդին գրգռում է վառ լույսը (լուսավախություն):Կա արտահայտված արցունքահոսություն: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ծանր դեպքերում հասնելով 39-40°C:

Հիվանդները թույլ են, ադինամիկ, ախորժակը, քունը` խանգարված, անհանգստացնում է գլխացավը: Այս շրջանում հիվանդն ունի բնորոշ տեսք` դեմքն այտուցվում է (աչքերը, քիթը և շրթունքները): Առկա է տրիադան` հարբուխ, հազ, կոնյուկտիվիտ, ինչը խիստ բնորոշ է կատարալ շրջանին: Փափուկ քիմքի վրա կարելի է տեսնել էնանթեման` բավական խոշոր, մուգ կարմրավուն բծերի տեսքով: Այտերի ներսային մակերեսը այտուցված է, գերարյուն. բծավոր: Ցանավորումից 1-2 օր առաջ նրանց վրա, փոքր աղորիքների դիմաց, հազվադեպ` նաև շրթունքներին հայտնվում են կարմրուկի պաթոգնոմոնիկ նշանը հանդիսացող Կոպլիկ-Բելսկու-Ֆիլատովի բծերը: Վերջիններս մանր սպիտակավուն հանգույցիկներ են, սահմանագծված հիպերեմիայի նուրբ պսակով, չեն միաձուլվում: Դրանք նեկրոզված էպիթելի փոքրիկ տեղամասեր են: Այդ բծերի հայտնաբերումը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունն առանց ցանավորման: Արտաքինից թվում է, որ այտերի լորձաթաղանթին սպիտակահատ ձավար է շաղ տված: Բծերը կարող են լինել առատ կամ շատ նոսր: Շատ հազվադեպ դրանք կարող են միաձուլվել և տարածվել նույնիսկ շաղկապենու վրա: Գրականության մեջ նկարագրված են դեպքեր, երբ այդ բծերը հայտնվել են անուսի և վուլվայի լորձաթաղանթին: Այս շրջանում այդ բծերը երբեմն ծածկվում են սպիտակա-գորշավուն փառերով, որը վկայում է էպիթելի դեսկվամացիայի և նեկրոզի մասին: Որոշ դեպքերում առկա է աղե-ստամոքսային տրակտի դիս‎ֆունկցիան, որպես աղիների նմանատիպ ախտահարում: Այսպիսով, արդեն կատարալ շրջանի վերջում հիվանդի տեսքը խիստ բնորոշ է` փքված դեմք, այտուցված կոպեր, արցունքահոսություն, լուսավախություն, չոր հազ, հարբուխ:

Ցանավորման շրջան: Հիվանդության 3-5-րդ օրը, ինտոքսիկացիայի և կատարալ երևույթների առավելագույն ֆոնի վրա ի հայտ է գալիս էտապային ցանը: Կարմրուկի ժամանակ ցանի էտապայնությունն այնքան լավ է արտահայտված, որ գրավում է հիվանդի և շրջապատի ուշադրությունը: Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, երկրորդ օրը` իրանի մնացած մասերը, իսկ երրորդ օրը` վերջույթները: Ցանն ունի հանգուցիկա-բծավոր բնույթ, միաձուլվող է, մաշկը նրա տակ բորբոքված չէ: Ցանային առաջնային էլեմենտը փափուկ, կարմրավուն հանգույցիկ է, մոտ 2 մմ տրամագծով, մաշկից քիչ բարձրացած, որը հետզհետե, ըստ Ֆիլատովի (1903 թ), կարծես նստում է և նրա շուրջը առաջանում է վարդագույն պսակ` հանգույցիկը դարձնելով բիծ: Այսպիսով ձևավորվում են, Ֆիլատովի խոսքերով ասած, վառ կարմիր, անհարթ եզրերով, ճաճանչաձև կամ կտրտված հիասքանչ կարմրուկային էլեմենտները:

Սովորաբար կարմրուկային ցանը վառ կարմիր է, լավ տեսանելի, առատ, ցանային էլեմենտներն անընդհատ շատանում են, իսկ ցանից ազատ տեղամասերում մաշկը փոփոխված չէ: Ցանը կարող է ուղեկցվել չափավոր քորով: Ցանի անհետացումը տեղի է ունենում նույն հաջորդականությամբ, ինչպես առաջացել էր` վերից վար, երեք օրվա ընթացքում ցանի հանգուցիկավոր բնույթը կորչում է, դառնում է մուգ կարմրաշագանակագույն` մանր թեփուկավոր թեփոտմամբ: Սա բնութագրում է պիգմենտացիայի շրջանը, որպես էրիթրոցիտների դիաբեդեզ դեպի մաշկ և հեմոսիդերինի քայքայման հետևանք: Պիգմենտացիան`գունակավորումը, նույնպես էտապային է` նույն կարգով: Առավել ցայտուն է պիգմենտացիան ցանավորման 2-3 օրը և պահպանվում է 1.5-3 շաբաթ: Այսպիսով, կարմրուկին առավել բնորոշ է տենդը, ռինիտը, լարինգիտը, կոնյուկտիվիտը, Կոպլիկ-Բելսկու-Ֆիլատովի բծերը և էկզանթեման: Որոշ հիվանդների մոտ կատարալ և ցանավորման շրջանում կարելի է տեսնել պարանոցային և հետին ծոծրակային ավշահանգույցների մեծացում, ինչպես նաև հեպատոսպլենոմեգալիա:



Կլինիկական ձևերի դասակարգումը
Տարբերում են.
1. տիպիկ կարմրուկ, բնորորշվում է հիվանդության հիմնական ախտանիշների առկայությամբ:
2. ատիպիկ, բնորոշվում է հիվանդության հիմնական ախտանիշների շեղումով:
Ըստ ծանրության բաժանվում է 3 տեսակի` թեթև, միջին ծանրության, և ծանր: Տիպիկ ձևեր: Ներկայումս այս ձևերը հիմնականն են: Բնորոշվում են ցիկլայնությամբ, շրջանների հաջորդական հերթափոխմամբ և ախտանիշների լրիվ դրսևորմամբ:

Ատիպիկ ձևեր (աբորտիվ, միտիգիրացված` թուլացված, ջնջված, անախտանիշ) հանդիպում են ավելի հազվադեպ` 5-7% դեպքերում: Այս ձևերը հանդիպում են ինկուբացիոն շրջանում գամագլոբուլին, արյուն կամ արյան պրեպարատներ ստացածների մոտ: Նման դեպքում ինկուբացիոն շրջանը երկարում է մինչև 21 օր, ախտանիշները ջնջվում են, որևէ փուլը կարող է բացակայել: Ինտոքսիկացիան աննշան է, ցանավորման շրջանը` 1-2 օր: Ցանը` մանր բծավոր է, էտապայնությունը` ջնջված: Պիգմենտացիան կարճատև է: Կոպլիկ-Բելսկու բծերը բացակայում են: Աբորտիվ ձև (abortus – ընդհատում բառից): Այս ձևը սկսվում է տիպիկ, բայց ցանի ի հայտ գալուց 1-2 օր առաջ կարծես ընդհատվում է: Ցանը մանր է, ոչ առատ, տեղակայվում է միայն դեմքին և իրանին, պիգմենտացիան կարճատև է 1-3 օր: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է հիվանդության միայն առաջին օրը: Միտիգիրացված կարմրուկ: (Mitis-թեթև բառից): Հանդիպում է պասիվ կանխարգելում ստացած մարդկանց մոտ (իմունոգլոբուլինի ներարկում ինկուբացիոն շրջանում):

Նման ձևը կարող է զարգանալ այդ նույն շրջանում կարմրուկային պատվաստանյութ ստացածների մոտ: Բնորոշվում է հիվանդության ողջ ընթացքի թեթևությամբ: Հիվանդների շճաբանական հետազոտությունները ցույց են տվել գամմագլոբուլինային կանխարգելում ստացած երեխաների մոտ այս հիվանդությունը կարող է ընդունել ամենատարբեր ատիպիկ ձևեր` ջնջված և նույնիսկ ինապարանտ (անախտանիշ ձևեր): Վերջիններս ախտորոշումը հնարավոր է միայն կրկնակի շճաբանական հետազոտության միջոցով: Ատիպիկ կարմրուկով կարող են հիվանդանալ այս կամ այն հիվանդության պատճառով պրեդնիզոլոն կամ այլ կորտիկոստերոիդ հորմոններ ստացած հիվանդները: Նրանք բավական ծանր են տանում այս հիվանդությունը: Կարմրուկի ընթացքը կարող է լինել հարթ և բարդացված: Հարթ ընթացքի դեպքում հիվանդության վերջին շրջանում մարմնի ջերմաստիճանը նորմալանում է, վերանում են բոլոր ախտանիշները: Անհարթ ընթացքի դեպքում որպես բարդություն միանում է երկրորդային բակտերիային վարակը, բազմաթիվ քրոնիկ օջախներ ակտիվանում են: Եվ կախված նման բարդություններից, հիվանդության ելքը տարբեր է:

Կարմրուկի բարդություններ
Կարմրուկային վարակին խիստ բնորոշ են բազմաթիվ ծանր բարդություններ, որոնք պայմանավորված են վիրուսի` էպիթելիոցիտների և ԿՆՀ-ի նկատմամբ ունեցած տրոպիզմով, ինչպես նաև նրա` տեղային և ընդհանուր իմունիտետն ընկճելու հատկությամբ: Դեռ վաղուց Ֆիլատովը նշում էր, որ կարմրուկով հիվանդները մահանում են, որպես կանոն, նրա բարդություններից: Վերջիններս հաճախ հանդիպում են վաղ մանկական հասակում, ինչը բացատրվում է այդ տարիքի երեխաների` երկրորդային վարակի նկատմամբ ունեցած գերզգայունությամբ, ուղեկցող հիպոտրոֆիայով, ռախիտով, արհետական սնուցմամբ և այլ ուղեկցող հիվանդություններով: Բարդությունները կարող են լինել առաջնային (պայմանավորված կարմրուկային վիրուսով) և երկրորդային (երկրորդային բակտերիային ֆլորայի միացմամբ):

Ըստ ժամկետների տարբերում են վաղ (կարմրուկի կատարալ և ցանավորման շրջանում) և ուշ (պիգմենտացիայի շրջանում) բարդություններ: Բարդությունները կարելի է բաժանել ըստ ախտահարված օրգան-համակարգերի` շնչական (թոքաբորբեր, լարինգիտ, լարինգոտրախեիտ, բրոնխիտ, բրոնխիոլիտ, պլևրիտ), նյարդային (էնցեֆալիտներ, մենինգոէնցեֆալիտ, մենինգիտներ, պսիխոզներ), տեսողական (կոնյուկտիվիտ, բլեֆարիտ, կերատիտ, կերատոկոնյուկտիվիտ), մաշկային (պիոդերմիա, ֆլեգմոնա և այլն), լսողական (օտիտ,մաստոիդիտ), միզային ուղիների (ցիստիտ,պիելիտ, պիելոնեֆրիտ) և այլն: Կարմրուկի սուր, կատարալ շրջանում վերին շնչուղիների բարդություններ (լարինգիտ, լարինգոտրախեիտ, նազոֆարինգիտ և անգինաներ) են համարվում նրանց թարախային կամ թարախանեկրոտիկ բորբոքումները: Ի տարբերություն սուր շրջանի, կարմրուկային ուշ բարդությունների մեջ են մտնում առաջացող ամենատարբեր, նույնիսկ` շատ թեթև և կարճատև բորբոքումները:

Կարմրուկային բարդությունները զարգանում են կարմրուկային հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատարալ երևույթներ, ցան և այլն, հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում: Դա համընկնում է կատարալ շրջանին և ցանավորման սկզբին: Թոքաբորբերը (կարմրուկային) համարվում են երեխաների մոտ հանդիպող ամենահաճախակի բարդությունները, բնորոշվում են ցայտուն ֆիզիկալ ախտանիշներով (պերկուտոր հնչյունի կարճացում, կոշտ շնչառություն, կոպիտ չոր ու թաց խզզոցներ և այլն): Սա հանդիսանում է այն հիմքը, որի վրա զարգանում են երկրորդային բակտերիալ թոքաբորբերը: Հնարավոր է հետագա թարախակալում և թարախային պլևրիտների զարգացում: Նյարդային բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս մեծ մահացություն (մինչև 25%): Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով: Կարմրուկային մենինգիտը համարյա միշտ շճային է և ավարտվում է լրիվ առողջացմամբ: Շատ վտանգավոր են կարմրուկի հետ համակցված վարակները, մասնավորապես` դիզենտերիան: Բնածին կարմրուկային վարակ: Ժամանակակից պայմաններում, կապված կարմրուկի տարիքային աճի հետ, հղիների հիվանդացման հաճախականությունը մեծացել է: Կարմրուկի նախա և հետծննդյան ախտորոշումը հիմնվում է մոր հիվանդության վրա:

Ելքը
Հիմնականում ելքը բարենպաստ է, իսկ նյարդային և այլ բարդությունների դեպքում խիստ լուրջ (մենինգոէնցեֆալիտներ և էնցեֆալիտներ):

Ախտորոշում
Կարմրուկի ախտորոշման համար առավել մեծ նշանակություն է տրվում կլինիկո-համաճարակաբանական տվյալներին լաբորատորի համեմատությամբ: Հիվանդության ծաղկման շրջանում ախտորոշումը մեծ դժվարություն չի հարուցում` բավական է մանրամասն անամնեզը և մանրակրկիտ զննումը: Կատարալ շրջանում ուշադրություն է հրավիրվում ինտոքսիկացիայի նշաններին և աճող կատարալ երևույթներին: Հիվանդության ախտորոշման մեջ որոշիչ նշանակություն ունի Կոպլիկ-Բելսկու-Ֆիլատովի բծերը, որոնք առաջանում են ցանի ի հայտ գալուց 1-2 օր առաջ: Մեծ նշանակություն ունի ցանի էտապայնությունը` հետագա պիգմենտացիայով: Կարմրուկի լաբորատոր ախտորոշման համար օգտագործվում են հեմատոլոգիական տվյալները, ցիտոսկոպիկ մեթոդը (քթի արտադրուկի բջջաբանական հետազոտություն), վիրուսաբանական մեթոդը, շճաբանական մեթոդը (յուրահատուկ հակամարմինների հայտնաբերումը): Ծայրամասային արյան մեջ առկա է լեյկոպենիան, նեյտրոֆիլների քչացումը, լիմֆոցիտոզը, մոնոցիտոպենիան և անէոզինոֆիլիան: ԷՆԱ -ն չափավոր արագացած է: Քթարտադրուկի բջջաբանական հետազոտությունը հայտնաբերում է կարմրուկին բնորոշ բազմակորիզ գիգանտ բջիջբեր:

Վիրուսաբանական մեթոդն ավելի հազվադեպ է օգտագործվում,քանի որ այն բավական բարդ ու երկարատև է: Շճաբանական մեթոդներից լայն տարածում է ստացել հեմագլյուտինացիայի արգելակման և ուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցին, որպես մատչելի և վստահելի մեթոդ: Ախտորոշիչ է տիտրի քառակի և ավելի անգամ աճը: Կարմրուկի ախտորոշման համար հեռանկարային է իմունոֆերմենտային անալիզի մեթոդը, որի օգնությամբ որոշվում է հակավիրուսային հակամարմիններից IgM և IgG-ն, ուր IgM-ը վկայում է սուր վարակի, իսկ IgG-ն` տարած կարմրուկի մասին: Տարբերակվում է կարմրախտից, պսևդոտուբերկուլյոզից, Կոքսակի և ECHO վիրուսներով հարուցված էկզանթեմայից, ՍՇՎՎ- ից, քութեշից և ալերգիկ ցանից:

Բուժում: ՊատՃառագիտական բուժում չկա: Հակակարմրուկային իմունոգլոբուլինն ունի միայն կանխարգելիչ ազդեցություն: Կարմրուկի կլինիկական արտահայտման ժամանակ այն լրիվ անարդյունավետ է: Չբարդացված դեպքերում հիվանդները բուժվում են տանը: Ցուցված է անկողնային ռեժիմ, խնայող դիետա, առատ հեղուկներ, պոլիվիտամինային բուժում: Բերանի խոռոչի (ողողումներ եռացրած ջրով կամ 2% նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով) և աչքերի (մթնեցրած լուսային ռեժիմ, 20% ալբուցիդի լուծույթի 3-4 անգամ կաթեցում) մշակումը պարտադիր է: Հոսպիտալացման են ենթակա բարդացած կարմրուկով հիվանդները և համաՃարակային ցուցումով հիվանդները (փակ կոլեկտիվից): Համառ չոր հազի դեպքում նշանակվում են խորխաբերներ:

Կարմրուկային կրուպի դեպքում նշանակվում է համապատասխան բուժում (սպազմոլիտիկներ, խորխաբերներ, երբեմն` կորտիկոստերոիդներ և այլն): Հաշվի առնելով հիվանդության հարուցչի իմունիտետի ընկճման հատկությունը, բարդացման դեպքում նշանակվում է հակաբիոտիկներ (լայն ազդեցության կիսասինթետիկ պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ, մակրոլիդներ): Ցուցված է օքսիգենոթերապիան` քթային կատետրի միջոցով խոնավացրած թթվածնով: Կարմրուկի ծանր դեպքերում, ինչպես նաև կարմրուկային կրուպի դեպքում հակաբիոտիկների հետ զուգակցում են կորտիկոստերոիդները: Կարմրուկային թոքաբորբերի, էնցեֆալիտների, մենինգիտների, մենինգոէնցեֆալիտների բուժման սկզբունքներն ու մեթոդները նույնն են, ինչ որ այլ վիրուսային ախտահարումների դեպքում: Արտահայտված ինտոքսիկացիայի դեպքում օգտվում են դեզինտոքսիկացիոն թերապիայից (կոլոիդ և կրիստալոիդ լուծույթներ): Վաղ հասակի այլ հիվանդություններով տառապող, ինչպես նաև կարմրուկի ծանր ձևերով հիվանդներին ցուցված է հակակարմրուկային գամմագլոբուլինի 3-6 մլ մ/մկ ներարկումը:

Կանխարգելում:
Ոչ յուրահատոևկ կանխարգելումն իր մեջ ներառում է հիվանդների վաղ հայտնաբերումը և մեկուսացումը, կոնտակտավորների հսկողությունը: Հիվանդներին մեկուսացնում են հիվանդության սկզբից մինչև հինգերորդ օրը, իսկ թոքաբորբերով բարդացման դեպքում` մինչև տասներորդ օրը: Ընթացիկ և եզրափակիչ ախտահարում չի անցկացվում` հաշվի առնելով հարուցչի անկայունությունն արտաքին միջավայրում: Սենյակը, ուր պառկած է եղել հիվանդը, օդափոխում են 35-40 րոպե: Կոնտակտավոր երեխաներին մեկուսացնում են 17 օր (եթե չեն ստացել իմունոգլոբուլին) կամ 21 օր (եթե ստացել են պասիվ իմունիզացիա): 3-12 ամսական կարմրուկով հիվանդի հետ շփված բոլոր երեխաներին շփման առաջին հինգ օրում մ/մկ նշանակվում է 3 մլ նորմալ մարդկային հակակարմրուկային իմունոգլոբուլին: 12 ամսական և բարձր տարիքի շփված (կարմրուկով հիվանդի հետ) երեխաները ենթակա են ակտիվ իմունիզացիայի (պատվաստման):

Եթե կան պատվաստման հակացուցումներ, միայն այդ դեպքում է նշանակվում մ/մկ իմունոգլոբուլին 1.5 մլ դոզայով: Ակտիվ իմունիզացիան անց է կացվում կենդանի կարմրուկային պատվաստանյութով: Այն պատրաստվում է խ-16 (Լենինգրադ-16) պատվաստային շտամից, որն աճեցված է ճապոնական էգ լորերի սաղմի կուլտուրալ բջիջներում: Ռուսաստանում, բացի վերը նշվածից օգտագործվում են ՙՌուվակս՚ (ՙՊաստեր-Մերյե՚ Ֆրանսիա), ինչպես նաև համակցված կարմրուկային, կարմրախտային և պարօտիտային տրիվակցինան (MMR-2) և կարմրուկային և պարօտիտային երկվակցինան (ՙՄերկ-Շարն և Դոում՚ ԱՄՆ): Հակակարմրուկային պատվաստումը պլանային ձևով կատարվում է 12 ամսական հասակում միանվագ, ենթամաշկային ճանապարհով: Հետպատվաստային ռեակցիաներով երեխաները շրջապատի համար վտանգ չեն ներկայացնում: Հետպատվաստային իմունիտետը կայուն է 95-98% դեպքերում: Ռեվակցինացիան անց է կացվում 6 տարեկան հասակում:

March 6

Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2) Պատրաստեք՝   

Մեկ անոթի չափով սառը ջուր,

Թուղթ կամ ալյումինաթիթեղ,

Միանգամյա օգտագործման ներարկիչ,

Կպչուն ժապավեն,

Թաց թերթ,

Կալիումի պերմանգանատի լուծույթ և կտոր,

Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար),

Բժշկական դիմակ  (հագեք այն որքան հնարավոր է շուտ, որպեսզի Ձեր շնչառական օրգանները չտուժեն):

3) Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախապես պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4) Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ կպցնել կպչուն ժապավենի վրա:

5) Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ:

6) Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու ոչ մի գնդիկ:

7) Եթե Ձեր հատակը փայտից է, ապա ստիպված եք այն վերանորոգել և փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, և հանել այնտեղից դրանք Դուք հավանաբար չեք կարողանա:

8) Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9) Մաքրած մակերեսը մեկ անգամ ևս մաքրեք խոնավ թերթով, հետո կալիումի պերմանգանատի լուծույթով (մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ):

Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի և սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ օճառ և 50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը և թույլ չի տա նրան գոլորշիանալ:

Այդ նույն լուծույթով մաքրեք տվյալ վայրին հարակից բոլոր հատվածները:

10) Լավ օդափոխեք սենյակը:

11) Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1) Սնդիկը հավաքելու համար չպետք է օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում և կշարունակեն թունավորել բնակարանը:

2) Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:

3) Ինչպես արդեն նշվել է, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը և մոտակայքում գտնվող երեխաներին:

ԱԻՆ-ն ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան և այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա:

March 5

Թունավորում

ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ)
Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։

Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։ Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։

Բուժումը։ Ստամոքսի լվացում՝ գոլ ջրի և լիմոնաթթվի կամ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կաթով։ Ներարկվում են ցավազրկող դեղորայք (պրոմեդոլ, օմնոպոն և այլն)։
 

Թունավորում սնդիկից

Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել:

Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից:

Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ.Սարսուռ Անքնություն Հիշողության կորուստ Նյարդամկանային էֆեկտներ Գլխացավ Կոգնիտիվ-շարժողական խանգարումներ

Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ:

Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ.Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։ Փոշեկուլով մի մաքրեք պատահաբար թափված սնդիկը: Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին: Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել: Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից:

February 8

Երկրաշարժ

աշվի առնելով տարածաշրջանում սեյսմիկ ակտիվ իրավիճակը, հարկ ենք համարում հիշեցնել պարզագույն այն քայլերը, որոնք  իրականացվում են 1️⃣ մինչև երկրաշարժը, 2️⃣դրա ժամանակ և 3️⃣ դրանից հետո․ 

🔵 Մինչև երկրաշարժը

🔹Ձևավորե՛ք անվտանգ մտածողություն․ բոլոր ժամանակների համար

🔹Մշակե՛ք երկրաշարժ վտանգի դեպքում գործողությունների պլան

🔹Գործնականում փորձարկեք պլանը և վարժվեք, ձևավորեք արագ գործելու հմտություններ

🔹 Ընտանիքի անդամների հետ մշակե՛ք հանդիպման վայր (տանը մոտ, սակայն բաց, անվտանգ տարածություն)

🔹Ունեցե՛ք պահեստային ելքեր, անցանելի պահեք առկա ելքերը

🔹Իմացե՛ք շենքն արագ լքելու ճանապարհները, բոլոր ելքերը

🔹Իմացե՛ք շինության առավել վտանգավոր և անվտանգ վայրերը

🔹Իմացե՛ք շենքում պաշտպանվելու վայրերը (հիմնական ներկառուցված պատերի անկյուններ, խորշեր, սյուներ, ամուր և ամրացված կահույք) 

🔹 Մի՛ կատարեք կառուցվածքային ձևափոխություններ

🔹 Ամրացրե՛ք կահույքն ու ծանր առարկաները հատակին և պատերին

🔹Պատրաստե՛ք արագ արձագանքման պայուսակ: Պահեք այն հասանելի վայրում

🔹 Պայուսակում կամ ձեզ մոտ ունեցեք տեղեկատվական թերթիկ՝ ձեր և ընտանիքի անդամների մասին

🟡 Երկրաշարժի ժամանակ

🔸 Շենքը լքեք, եթե գտնվում եք 1-ին և 2-րդ հարկերում՝ գնալով բաց տարածություն, վերցրեք պայուսակը

🔸 Եթե բարձր հարկերում եք ցնցումների ժամանակ մնացեք շենքում և պաշտպանվելք հիմնական պատերի, խորշերի անկյուններում, հատկապես պաշտպանելով գլուխը և ողնաշարը, ձեռքի տակ պահեք պայուսակը

🔸Եթե հիմնական դուռը մետաղյա է հնարավորության դեպքում բացեք այն, որպեսզի հետագա ցնցումների ժամանակ այն չարգելափակվի

🔸 Մի՛ օգտվեք վերելակից, զգուշացե՛ք աստիճանավանդակից

🔸 Մի՛ կանգնեք սենյակի մեջտեղում, կամ դրսի պատերի տակ,  լուսամուտների մոտ

🟦Երկրաշարժից հետո

🔹  Գնահատե՛ք իրավիճակը, եթե կարող եք օգնեք տուժածներին (եթե կան այդպիսիք)

🔹 Անջատեք գազը, ջուրը, էլեկտրականությունը, եթե շենքում եք

🔹 Մի օգտագործեք բաց կրակ

🔹Հեռու մնացեք փլուզված, կիսափլուզված կառուցատարրերից 

🔴Եթե մնացել եք փլատակների տակ

🔺 Փորձեք պահպանել հանգստություն, կարգավորեք շնչառությունը

🔺Վստահ եղեք, որ Ձեզ փնտրում են ու  կօգնեն 

🔺 Պաշտպանեք շնչուղիները

🔺Զննեք ինքներդ ձեզ, եթե ունեք վնասվածքներ փորձեք ձեզ ցուցաբերել օգնություն

 🔺Մի փորձեք ինքնուրույն դուրս գալ փլատակների տակից

 🔺Սուր բեկորներն ու առարկաները փորձեք հեռացնել ձեզանից՝ առանց կտրուկ շարժումների

 🔺Եթե ունեք հեղուկ՝ խմեք քիչ-քիչ, փորձեք ձեռքի տակ եղած սնունդն ու ջուրը բաշխել 72 ժամվա հաշվարկով

 🔺Մի վառեք լուցկի, կրակայրիչ

 🔺Եթե ձեռքի տակ կան սեղանի, աթոռի մասեր կամ այլ  առարկաներ, ապա դրանց միջով ամրացրեք ձեր գլխավերևի հատվածը  

 🔺Լռության մեջ լսելով ձայներ փորձեք հարվածել մետաղական առարկաներին 

  🔺Բղավեք, հարվածեք մետաղական առարկաներին միայն այն ժամանակ, երբ մոտիկից ձայներ եք լսում։

December 21

Ինքանստուգում

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը
    1. Արյան ճանապարհով
    2. Սեռական ճանապարհով
    3. Մորից-երեխային (հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրելու ժամանակ)
  2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները
    1. Արյան ճանապարհով
    2. Սեռական ճանապարհով
    3. Մորից-երեխային (հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրելու ժամանակ)
  3. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց
    Պետք է ունենալ պատասխանատու վարքագիծ. ունենալ մեկ զուգընկեր, չօգտագործել ներերակային թմրանյութեր:
  4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:
    Վարակվելու պահից վեց ամիս անց կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար:
  5. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով
    ՄԻԱՎ-ով կարող են վարակվել՝ ներերակային թմրանյութեր օգտագործողները, պատահական սեռական զուգընկերներ ունեցողները, միգրանտները, և այն մարդիկ, ովքեր չգիտեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին:
  6. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը “պատուհանի շրջանում”։
    «Պատուհանի շրջանը»կարող է տևել մոտավոր 6 ամիս: Այս վեց ամիսների ընթացքում մարդ կարող է վարակված լինէլ բայց պատուհանի շրջանի պատճառով նրա արյան մեջ չկարողանան հայէնաբերել վարակը։
  7. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները
    ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի այն փուլն է, երբ արդեն իմունային խիստ անբավարարություն կա և նրա մոտ կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային հիվանդություններ, և այլն: Այս դեպքում հիվանդը պետք է ընդունի հակառետրովիրուսային դեղորայք այլապես նա կմահանա խիստ իմանային անբավարարվածությունից։
  8. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա
    Այն տարիների ընթացքում թուլացնում է մարդու իմունային համակարգը, և մարդը դառնում է խոցելի ցանկացած հիվանդության դեմ:
  9. Որ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները
    Արյունը, սերմնահեղուկը, կրծքի կաթը: Վարակված մարդու բոլոր կենսաբանական հեղուկներում լինում է ՄԻԱՎ-ը, սակայն բացի վերը նշված հեղուկներից, ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում վարակելի քանակությամբ ՄԻԱՎ:
  10. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ
    ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնում
  11. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները
    Վարակվելուց հետո 3-7 տարի դեռ մարդը եթե չի հետազոտվել, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ, բայց մինչ այդ մարդը չհետազոտվի ՄԻԱՎ-ի հակամարմինների նկատմամբ, ոչ ոք չի կարող ուրիշ ոչ մի հետազոտության հիման վրա ասել, որ այդ մարդը ունի ՄԻԱՎ վարակ:
  12. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը
    Եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի հետազոտվել և չի օգտագործում հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ապա ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ 3-7 տարում:
    Բայց եթե հետազոտվել է, և կանոնավոր, ամեն օր խմում է իր նշանակված դեղերը, ապա մինչև նրա կյանքի վերջ ՁԻԱՀ-ը չի զարգանա:
  13. ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:
    ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ և արագանալ, եթե հիվանդը չի կատարում բժիշկի նշանակումները և կանոնավոր չի խմում հակառետրովիրուսային դեղահաբերը:
November 8

Այրվածքներ

Այրվածքները մաշկի ամենահաճախ հանդիպող վնասվածքներից մեկն են: Կարող են առաջանալ`
• տաք հեղուկներից
• արևայրուքից
• քիմիական նյութերից
• էլեկտրական այրվածքներ
• կրակից, օրինակ`մոմերից, կրակայրիչից և այլն
Գոյություն ունի 4 աստիճանի այրվածք`
1ին աստիճանի այրվածք` մաշկի կարմրութուն, բորբոքվածություն, թեփոտում
2րդ աստիճանի այրվածք` բշտեր, ցավ, մաշկը լավանում է առանց սպիացման
3րդ աստիճանի այրվածք` մաշկի խորը վնասում, բշտեր, նեկրոզ, մաշկը լավանում է սպիացմամբ
4րդ աստիճանի այրվածք` ծանր այրվածքներ, որոնք ընդգրկում են ջլերը, մկաններն ու ոսկորները, կարող են ավարտվել վերջույթի անդամահատումով
Ինչ անել այրվածների ժամանակ 

❓

1. Սառեցնել մաշկը: Սառը հոսող ջուրը կօգնի նվազեցնել մաշկի բորբոքվածությունն ու ցավը: 
2. Օգտագործել պանտենոլ և հակաբիոտիկային քսուք: Դրանք կօգնեն նվազեցնել քորը, բորբոքումը և կպաշտպանեն վերքն ինֆեկցիայից:
3. Ծածկել այրվածքը ստերիլ թանզիֆով
Ծանր աստիճանի այրվածքների դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանի կամ համապատասխան ոլորտի մասնագետի` որակավորված բուժում ստանալու համար:
Խորը այրվածքների բարդութուններն են`
•բակտերիալ վարակ
•սպիացում
•օրգանիզմում շրջանառվող հեղուկի կորուստ •մարմնի ջերմաստիճանի կրիտիկական անկում
•ներքին օրգանների խնդիրներ
•հոդերի, մկանների և ոսկորների խնդիրներ
•վերջույթների ամպուտացիա