February 28

Էվոլյուցիա

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին տեսակների հարմարման ճանապարհով: Վաղ անցյալի մնացուկների պեղումները վկայում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում ի հայտ են եկել կենդանի էակների նոր տեսակներ, իսկ որոշ տեսակներ էլ (օրինակ՝ դինոզավրերը) անհետացել են:Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է:

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ:Ըստ Դարվինի բնական ընտրության տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների (սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար:

Պարզվել է, որ բնական ընտրությունը մարդու էվոլյուցիայում կորցրել է առաջատար գործոնի դերը: Սակայն մարդու պոպուլացիայի գենետիկայի նշանակությունը բացառիկ կարևորություն ունի ժառանգական հիվանդությունների տարածման վերլուծության գործում, գենետիկական ապարատի վրա ճառագայթման, ֆիզիկական, ինչպես նաև քիմիական ազդեցությունների արդյունավետությունը գնահատելիս:Մոլեկուլային կենսաբանության նորագույն նվաճումները թույլ են տալիս նորովի գնահատել էվոլյուցիոն մեխանիզմները:

Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է ավելի քան 3,5 մլրդ տարի առաջ: Ժամանակային սանդղակի վրա ցույց է տրված միայն վերջին 600 մլն տարին: Գիտնականները ճշգրիտ չգիտեն, թե որքան ժամանակում է տեղի ունեցել կենդանու կամ բույսի այս կամ այն տեսակի ձևավորումը, այդ պատճառով նկարի վրա ցույց է տրված այն ժամանակը, երբ տեսակները գոյություն են ունեցել, և ոչ թե այն ժամանակաշրջանները, երբ նրանք մոլորակի վրա առաջին անգամ  են ի հայտ եկել: Կենդանիների որոշ խմբեր (օրինակ՝ ծովաստղերը) 500 մլն տարեկան են, սակայն նրանք այսօր էլ կան Երկրի վրա, չնայած` նրանց հետ ժամանակին ապրած տեսակների մեծամասնությունն անհետացել է: 


Posted February 28, 2022 by milenatovmasyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*