November 2

Ցրտահարություն

Առողջագիտական նախագիծ, որի ընթացքում նկարահանում ենք տեսադաս ուղեցույցներ տարբեր իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու մասին: Այս ձմեռային ճամբարի ընթացքում իրավիճակային խնդիրները ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում հնարավոր դեպքերն են:

Նախագծային խումբ․ քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ

Առաջին բուժօգնություն ցրտահարության դեպքում

October 19

Առաջին օգնություն. արյունահոսություններ

Այս դասընթացի ընթացքում սովորեցինք ինչպես ցուցաբերել առաջին օգնություն արնահոսության ժամանակ։Պռածիկորեն փորձեցինք վիրակապել և կանգնացնել արնահոսությունը։

արնահոսության տեսակները

  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:

Արյան կորստի նշանները՝

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
September 14

Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:


Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…

Գիտակցության կորուստը մարդու կյանքին սպառնացող վիճակ է: Դրա պատճառ կարող են լինել բազմաթիվ վնասվածքներ եւ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի աշխատանքի խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, հանկարծահաս հիվանդագին վիճակները:
Բացի այն, որ անգիտակից տուժածի բոլոր մկանները թուլանում են, եւ եթե նա մեջքի վրա է պառկած, լեզուն կարող է ետ գնալ ու փակել շնչուղիերը, նրա մոտ բացակայում են նաեւ կլլման ու հազի ռեֆլեքսները: Դրա հետեւանքով փսխման զանգվածները, արյունը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները, ինչը շնչառությունը դադարելու պատճառ կարող է լինել:
Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ
Ծծկեր՝ 120-140 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում
Ծծկեր՝ 40-60 շնչառական շարժում

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը: